Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երիտասարդական նվագախումբը և Ջանլուկա Մարչիանոն ոգեկոչեցին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը

Երիտասարդական նվագախումբը և Ջանլուկա Մարչիանոն ոգեկոչեցին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը
16.11.2015 | 14:37

Նոյեմբերի 14-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան» ստեղծագործությունը։

Խոսելով Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ի մասին՝ մաեստրո Մարչիանոն նշեց, որ այն շատ գեղեցիկ, հզոր ստեղծագործություն է, այն մի մեծ պատմություն է՝ առանց բառերի, բայց երաժշտության միջոցով։
Ջանլուկա Մարչիանոն Հայաստանի մեծ բարեկամներից է։ Մաեստրոն այն 4 դիրիժորներից է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։ Այս տարի սեպտեմբերին նա այցելել է ԼՂՀ, ներկա գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Հետագայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իտալացի դիրիժորին ընդգրկել է իր, այսպես կոչված, «սև ցուցակում»։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացած համերգը նվիրվեց մեկ օր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում Ջանլուկա Մարչիանոն ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա շեշտեց, որ բոլորն այս օրերին Ֆրանսիայի ժողովրդի կողքին են և վշտակցում են նրան։ Իտալացի դիրիժորը և Երիտասարդական նվագախումբն ի հիշատակ ահաբեկչության զոհերի հնչեցրին նաև Պուչինիի ստեղծագործություններից։
Համերգից անմիջապես հետո նվագախումբն ամբողջ կազմով դուրս եկավ համերգասրահից և Ֆրանսիայի հրապարակում միանալով Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցող հազարավոր հայաստանցիներին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագեց Ֆրանսայի Հանրապետության հիմնը՝ «Մարսելյեզը»։
Նոյեմբերի 14-ի համերգի տեսագրությունը կարելի է դիտել հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ